Լուրեր
Հայաստանում ՌԴ Առևտրային Ներկայացուցչություն և «Հայաստանի Էքսպորտի Կենտրոն»

Հայաստանում ՌԴ Առևտրային Ներկայացուցչություն և «Հայաստանի Էքսպորտի Կենտրոն»

Մարտի 22-ին տեղի ունեցավ հանդիպում՝ Հայաստանում ՌԴ Առևտրային Ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի և «Հայաստանի Էքսպորտի Կենտրոն» գլխավոր տնօրեն Արման Վելյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին համագործակցության զարգացման վերաբերյալ հարցերը։

Բանակցությունների ընթացքում կողմերը միմյանց ներկայացրեցին ռուսական ընկերությունների հետ անցկացրած միջոցառումների արդյունքները, ինչպես նաև հետագայի հետ կապված նախագծերը։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին համագործակցության բնագավառները, որոնք նպատակաուղղված են զարգացնելու և ընդլայնելու ռուսական և հայկական ապրանքների արտահանման ծավալը։ Հանդիպման ընթացքում խոսվեց ՀՀ Կառավարության կողմից Հոկտեմբերի 20-ին ընդունված թիվ 1708-Ն որոշման մասին, համաձայն որի` թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան ժամանակավոր արգելված է։

Հայաստանում ՌԴ Առևտրային Ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն առաջարկեց դիտարկել ռուսական գյուղատնտեսական ապրանքների (սերմեր, պարարտանյութեր, հանքային հավելումներ) և տարատեսակ սննդամթերքների արտահանմանը խթանող հնարավորությունները և իրականացնել համատեղ աշխատանքներ։ «Թվարկված ապրանքատեսակները կհետաքրքրեն ո՛չ միայն հայկական շուկային, այլ նաև երրորդ պետությունների շուկաներին, որոնց շարքին են դասվում օրինակ՝ Իրանը և Չինաստանը», նշեց Աննա Դոնչենկոն։
Հանդիպման արդյունքում կողմերը գյուղատնտեսության ոլորտում ռուս արտադրողներին աջակցելու, ինչպես նաև ռուսական ընկերությունների արտահանման վարկավորման և պետական ֆինանսական աջակցության այլ գործիքների կիրառման վերաբերյալ ուսումնասիրության պայմանավորվածություն ձեռք բերեցին։